«Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST-ի տարվա 10-յակում է
Ժամանակակից հայ գրող Գրիգի «Հիսուսի կատուն» գերմանական HOTLIST-ի անկախ հրատարակիչների մրցույթի տարվա 10 ընտրված գրքերի շարքում է:
Սկզբում 179 գրքերից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է 30 գիրք, որից հետո, քվեարկության եւ ժյուրիի որոշմամբ, ձեւավորվել է տարվա գրքերի տասնյակը: Գիրքը, որի բնօրինակը հայերեն է, գերմաներեն թարգմանել են Վիեբկե Զոլմանն ու Անահիտ Ավագյանը։
Հայերեն առաջին անգամ այն լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, որի ջանքերով էլ գիրքը թարգմանվել է անգլերեն եւ գերմաներեն, ապա հրատարակվել արտերկրում։ Հայաստանում Գրիգի պատմվածքների ժողովածուն մեծ պահանջարկ ունի, տարիներ շարունակ բեսթսելեր է։
«Հիսուսի կատուն» գրքում մեկտեղված պատմվածքները երեւան են բերում, մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի եւս մեկ անտեսանելի կողմ։



Կարծիքներ